հայ | eng

Մենք

Լորի Ալվանդյան

Լորի Ալվանդյանը գրադարանավար է, գրող և խմբագիր: Գրականագիտական ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան է ստացել 2009-ին Իրվինից, Կալիֆորնիայի համալսարան, իսկ 2012-ին Տեղեկատվության ու Գրադարանային գործի մագիստրոսի աստիճան է ստացել Փրաթ ինստիտուտից: 2014-ին Հայաստանում մշտական բնակություն հաստատելուց հետո Նինա Ռոմա Ավգանյանի հետ նախաձեռնել է Փոքր անվճար գրադարաններ նախագիծը, որը նպաստում է բոլոր քաղաքացիների ընթերցանության խթանմանն ու տեղեկատվության մատչելիությանը:

Թամար Գասպարյան-Հովսեփյան

Թամար Գասպարյան–Հովսեփյանը կազմակերպական զարգացման և հանրային կապերի մասնագետ է։ Նախքան 2006թ․ Նյու Յորք տեղափոխվելը, նա յոթ տարի արտահաստիքային թղթակից և հեռուստատեսային լրագրող է եղել Երևանում։ Այդ ժամանակից ի վեր նա աշխատել է տարբեր արվեստային և մարդասիրական կազմակերպություններում, որտեղ կենտրոնացել է միջոցների հայթայթման, զարգացման և հաղորդակցության վրա։ Բոլորովին վերջերս աշխատել է Նյու Յորք քաղաքի կառավարությունում` Մանհեթնի առաջին համայնքային խորհրդում (Manhattan's Community Board One) որպես համայնքային կապերի պատասխանատու։ Թամարը ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճաններ «Արվեստի պատմություն և տեսություն» մասնագիտացմամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, ինչպես նաև մագիստրոսի աստիճան՝ Նյու Յորքի քաղաքային համալսարանից՝ «Քաղաքային հարաբերություններ» մասնագիտացմամբ։

Ռուզաննա Գրիգորյան

Ռուզաննա Գրիգորյանը գիտաշխատող է, քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից։ 2005թ․ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ 2007թ․ ավարտելով Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստացել է Հանրային առողջապահության մագիստրոսի կոչում։ 2008-2015թթ. եղել է նույն համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատող և ծրագրի համակարգող։ Առողջապահությանը վերաբերող նրա ուսումնասիրությունները հրապարակվել են գրախոսվող ամսագրերում և ներկայացվել միջազգային գիտաժողովներում: Մագիստրոսական կրթություն է ստացել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում՝ մասնագիտանալով քաղաքական տեսության բնագավառում:

Լիլիթ Գևորգյան

Լիլիթ Գևորգյանը տնտեսագետ է, մարդկային ռեսուրսների և նախագծերի կառավարման մասնագետ: Նրա գործունեության հիմնական ուղղություններն են տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում «սթարթափ» ընկերությունները, սփռված միջազգային թիմերի ստեղծումը, կառավարումն ու զարգացումը, դրանց համար օպերացիոն և աշխատանքային գործընթացների, կառավարման համակարգերի ստեղծումը:

Սիրանուշ Դվոյան

Սիրանուշ Դվոյանը գրականագետ է և համեմատական գրականության դասախոս Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասավանդում է նաև Երևանի պետական համալսարանում: Արտերիա (www.arteria.am) մշակութային քննադատական կայքի խմբագիրներից է, հեղինակ՝ բազմաթիվ գիտական հոդվածների: Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են հետ-խորհրդային իրականության մեջ հայկական համայնքների մշակույթի, նոր սփյուռքյան փորձառությունների և գրականության մեջ նոր արտիկուլացիաների ուսումնասիրությունները: Հեղինակ է Տեքստի ընթերցում (Երևան: Ակտուալ արվեստ, 2013) գրքի:

Գարիկ Ենգիբարյան

Գարիկ Ենգիբարյանը արվեստագետ է։ 2007-2011 թթ. եղել է «Արտ-լաբորատորիա» քաղաքական արվեստի խմբի հիմնադիր անդամ։ Մասնակցել է երկու տասնյակից ավելի ցուցահանդեսների և արվեստի միջոցառումների։ Ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանը: Միջազգային իրավունքի մասնագետ է։

Անժելա Հարությունյան

Անժելա Հարությունյանը արվեստաբան է, դոցենտ Բեյրութի ամերիկյան համալսարանում, որտեղ նա ղեկավարում է արվեստաբանության ամբիոնը: Դասավանդում է արդի և ժամանակակից արվեստի պատմություն ու տեսություն: Նա համախմբագիրն է ArtMargins գրախոսվող ամսագրի, որը տպագրվում է MIT Press-ի կողմից: Գիտական ամսագրերում տպագրել է հետ-խորհրդային արվեստի ու մշակույթի, ինչպես նաև Եգիպտոսի ու Լիբանանի ժամանակակից արվեստի պրակտիկաների և մշակութային քաղաքականությունների մասին էսսեներ ու քննադատական հոդվածներ: Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են արվեստի պատմագրության, արվեստի և ինքնավարության, նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի հետ-խորհրդային շրջանի արվեստի, Միջին Արևելքի ժամանակակից արվեստի, ցուցահանդեսների մեթոդաբանությունների և տեսությունների ոլորտները, ինչպես նաև արվեստի ու աշխատանքի հարաբերության խնդիրները: Նա մի շարք ցուցահանդեսների համադրող է, որոնց թվում` This is the Time. This is the Record of the Time (Նաթ Մյուլլերի հետ) (SMBA-Amsterdam, 2014 և Բեյրութի ամերիկյան համալսարանի պատկերասրահ, 2015): Մանչեստրի համալսարանի հրատարակչությունն այժմ հրատարակության է պատրաստում նրա մենագրությունը․ Հայկական ավանգարդի քաղաքական գեղագիտությունը. «գեղանկարչական իրականի» ճամփորդությունը (2017):

Արփի Մանուսյան

Արփի Մանուսյանը հետազոտող է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը 2014–ին՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում։ Հետխորհրդային երկրներում և մասնավորապես Հայաստանում տեղի ունեցող սոցիալական շարժումները նրա հիմնական հետազոտական հետաքրքրությունների դաշտում են։ Տարիներ շարունակ ուսումնասիրել է մարդու իրավունքների, քաղաքացիական շարժումների և քաղաքական գաղափարների շուրջ հանրային դիսկուրսները մեդիայում։ Ներկայումս աշխատում է նաև «Սոցիոսկոպ» ՀԿ–ում իբրև հետազոտող և ծրագրի համակարգող։

Իրինա Շախնազարյան

Իրինա Շախնազարյանը արվեստաբան է։ Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնի բակալավրական կրթության ծրագիրը։ 2014թ. նույն հաստատությունում պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն, որը վերաբերում է 1920-ական թվականների գեղարվեստական կյանքին, մասնավորապես՝ ռեալիզմի շուրջ բանավեճերին։ 2014թ. մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված Հայ արվեստի և մշակույթի պատմության ծրագրին։ Մասնագիտական հետաքրքրությունները վերաբերում են արվեստի և քաղաքականության փոխհարաբերության, ավանգարդի և ռեալիզմի խնդիրներին։

Լուսինե Չերգեշտյան

Լուսինե Չերգեշտյանը մեդիա արվեստագետ է, նկարիչ-անիմատոր և մոնտաժող։ Ավարտել է Թորոս Ռոսլինի անվան կիրառական ինստիտուտի Հագուստի դիզայնի բաժինը։ Եղել է Ուտոպիանա մշակութային ստեղծագործական կազմակերպության մեդիա լաբորատորիայի ղեկավար (2006-2009թթ․), WOW արվեստի խմբի անդամ (2007-2010թթ․): 2010 թվականից համակարգչային ձևավորող և անիմացիոն շարքերի ռեժիսոր է Շողակաթ հեռուստաընկերության մանկական բաժնում: Մասնագիտական հետաքրքրությունները ներառում են երկչափ պատկերի առանձնահատկությունները, պատկերի հասարակական գործառույթները, դասական անիմացիայի ավանդույթը:

Նարէ Սահակյան

Նարէ Սահակյանը հետազոտող է և համադրող: Նա սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի արվեստի պատմության և տեսության մոդուլում: Նրա հետաքրքրությունների մեջ են մտնում ավանգարդ արվեստի պրակտիկաները, թարգմանությունը որպես մշակութային արարք և ընկերության հնարավորություններն ու ձևերը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի բաժնի բակալավրական ծրագիրը, զբաղվել լրագրությամբ:

Վարդան Ազատյան Նախագահ

Վարդան Ազատյանը արվեստաբան է, տեսաբան և թարգմանիչ։ Դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Դասավանդել է բազմաթիվ այլ հաստատություններում, ներառյալ Նյու Յորքի Քոլումբիայի համալսարանը և Նիդերլանդական արվեստի ինստիտուտը։ Նրա հոդվածները հրատարակվել են Oxford Art Journal, Springerin, ArtMargins և այլ միջազգային հանդեսներում։ Մալքոլմ Մայլսի հետ խմբագրել է Cultural Memory (Plymouth։ Plymouth University Press, 2010) հոդվածների ժողովածուն։ Արվեստաբանություն և ազգայնականություն (Երևան: Ակտուալ Արվեստ, 2012) գրքի հեղինակն է։ Հայերեն թարգմանել է բրիտանական փիլիսոփայության դասականներ՝ Ջորջ Բերկլիի և Դեյվիդ Հյումի հիմնարար աշխատություններից։

Գոհար Խաչատրյան Համակարգող

Գոհար Խաչատրյանը ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճանը Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտից 2001 թ.-ին և քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանը Հայաստանի ամերիկյան համալսարանից 2005թ.-ին: Ներկայումս, նա աշխատում է Դեպի Հայք հիմնադրամում՝ որպես ծրագրի համակարգող: Մինչ այդ ՀԿ ոլորտի տարբեր բնագավառներում բազմաբնույթ աշխատանքներ է իրականացրել. եղել է հետազոտական կենտրոնի աշխատակից, ռիսկային դեռահասներին ուղղված ծրագրի մասնակից և տեղական TEDx նախաձեռնության թիմի անդամ:

Խաթուն Ատիկյան Ֆինանսական մենեջեր

Խաթուն Ատիկյանը նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ-ի ծրագրերի համակարգողն է: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը: 2002թ. ակտիվ մասնակցել է տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների: Որպես թրեյներ անցկացրել է դասընթացներ մարդու իրավունքների, բիզնեսի կազմակերպման, թրեյներների նախապատրաստման թեմաներով: