հայ | eng

Հրատարակված

InquiriesintoPhotography

Լուսանկարչության հարցեր

Կարին Գրիգորյան, Վահե Բուդումյան Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, Ակտուալ արվեստ, 2017 ISBN 978-9939-816-99-9 Լուսանկարչության հարցեր գիրքը լուսանկարչության մասին ուսումնական ձեռնարկ է: Գրքի հեղինակներ Կարին Գրիգորյանը և Վահե Բուդումյանն ունեն լուսանկարչության շուրջ տեքստերի թարգմանության և դասավանդման տարիների փորձ, ինչը և երևան է բերել լուսանկարչության մասին դասագիրք ունենալու այսօրվա կարիքը: Գիրքն ունի երկու փոխլրացնող բաժին՝ առաջինն արծարծում է լուսանկարչության պատմա-տեսական, երկրորդը՝ տեխնիկական հարցերը: Գրքի վերջում ընթերցողը կգտնի մասնագիտական եզրերի բառարան: Գիրքը հրատարակվել է Ակտուալ արվեստ հրատարակչության հետ համատեղ:

IsraelOri

Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը

Աշոտ Հովհաննիսյան Կազմող և ընդհանուր խմբագիր՝ Վարդան Ազատյան Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2016 ISBN 978-9939-1-0315-0 Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը գիրքը «Ներքին գրոց» մատենաշարի առաջին հատորն է, պատմաբան և քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանի՝ 1913 թվականին Մյունխենում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունը՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով: Գիրքը համալրված է Հովհաննիսյանի աշխատանքային նոթերով, ինչպես նաև ծավալուն ծանոթագրություններով, որոնք թույլ են տալիս տեսնել ավարտաճառի զարգացումն ընդհուպ մինչև նրա երկհատոր ուսումնասիրությունը՝ Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության: Գրքում հրատարակված են նաև Հովհաննիսյանի գերմանացի պրոֆեսորների կարծիքներն իրենց ուսանողի ավարտաճառի մասին, ինչպես նաև ավելի ուշ՝ 1955 թվականին նույն թեմայով Երևանում պաշտպանած իր դոկտորական ատենախոսության առիթով ասված ճառը: Գիրքն ամփոփում է Հովհաննիսյանի կյանքի ու գործի մասին Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը:

ImageNarrativeHistory1

Պատկեր, պատում, պատմութիւն, հ. 1

Մարկ Նշանեան Երևան, Ակտուալ արվեստ, Հովհաննիսյան ինստիտուտ, 2015 ISBN 978-9939-816-84-5 Ժամանակակից սփյուռքահայ փիլիսոփա և գրականագետ Մարկ Նշանեանի Պատկեր, պատում, պատմութիւն երկհատոր աշխատությունը փիլիսոփայական ուսումնասիրություն է՝ նվիրված ժամանակակից մտքի համար ուշագրավ հիշյալ երեք խնդիրներին: Ուսումնասիրությունը վերաբերում է 20-րդ դարի ֆրանսիացի և սփյուռքահայ հեղինակներ Մորիս Բլանշոյի, Ժորժ Բատայի, Գրիգոր Պըլտեանի, Զապէլ Եսայեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու գրություններին: Գրքի առաջին հատորը նվիրված է Մորիս Բլանշոյի և Ժորժ Բատայի գրական և փիլիսոփայական ստեղծագործությանը, որը Նշանեանը դիտարկում է վերապրողի և պատկերի փոխհարաբերության հարցի տեսակետից:

ImageNarrativeHistory2

Պատկեր, պատում, պատմութիւն, հ. 2

Մարկ Նշանեան Երևան, Ակտուալ արվեստ, Հովհաննիսյան ինստիտուտ, 2016 ISBN 978-9939-816-96-8 Գրքի երկրորդ հատորը նվիրված է արևմտահայ չորս գրողների՝ Զապէլ Եսայեանի, Գրիգոր Պըլտեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու ստեղծագործությանը: Նշանեանը վերջինս դիտարկում է վերապրողի կերպարի, այդ կերպարի շուրջ հարուցված խնդիրների և սրանցում՝ պատկերի հետապնդող ներկայության տեսանկյունից:

BetweenPublicSphere

Հանրային ոլորտի և հասարակայնության միջև

Խմբագիր՝ Վարդան Ազատյան Երևան, Ուտոպիանա, Հովհաննիսյան ինստիտուտ, 2014 ISBN 978-9939-1-0128-6 Հանրային ոլորտի և հասարակայնության միջև հոդվածների ժողովածուն Հովհաննիսյան ինստիտուտի և Ուտոպիանա մշակութային-ստեղծագործական կազմակերպության համատեղ ջանքերի արդյունք է՝ իրականացված Spaces ծրագրի շրջանակում: Ժողովածուն կազմել է Վարդան Ազատյանը, համալրել՝ ընդարձակ ներածությամբ: Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ քննարկելով հանրայինի տարբեր դրսևորումներն ու հանրայինն ինքը, տրամադրում են հանրայինը մտածելու ուղիներ: Ժողովածուն կարելի է դիտարկել որպես 2007 թվականին Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի (ICA - Armenia) հրատարակած Հանրային ոլորտ. վիճարկման և վերըմբռնման միջև համանման ժողովածուի (խմբ․ Վ․ Ազատյան) շարունակությունը: