հայ | eng

Առաքելություն

Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի (Հովհաննիսյան ինստիտուտ) տեսլականը հումանիտար գիտությունների ոլորտում քննական հետազոտություններ իրականացնելն ու խթանելն է, որոնք, մի կողմից, ընթանում են ուսումնասիրության բուն առարկայի տրամադրած հնարավորությունների ճանապարհով, մյուս կողմից, գիտակցում են սեփական մեթոդաբանական ու տեսաբանական հիմքերը: Ինստիտուտը խրախուսում է տեսական և փիլիսոփայական հետազոտություններ, նոր մեթոդների մշակում, ինչպես նաև հետազոտություններ, որոնք չեն սահմանափակվում հայագիտական թեմաներով: Այդուհանդերձ, վերջիններիս համար հայկական կամ հայաստանյան փորձառությունը հանդես է գալիս որպես աշխարհը տեսնելու դիտակետ տրամադրող դիրքավորում, մի վայր, որտեղ հատվում են տարբեր մտայնություններ ու ժառանգություններ: Պատմական ժամանակաշրջանի իմաստով Ինստիտուտը չունի հետազոտական սահմանափակումներ, բայց առաջնահերթություն է տրվում Նոր ժամանակներին կամ Արդիությանը վերաբերող ուսումնասիրություններին: Ինստիտուտը կրում է մտքի պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի (1887-1972) անունը, ում գիտական գործունեությունը հետևողականորեն և դինամիկ կերպով միահյուսել է նյութի հանդեպ հոգատարությունը, գիտական անաչառությունը, տեսաբանական խորությունն ու քաղաքական դիրքորոշումը: Հովհաննիսյանի պատմագիտությունը հայերին ու Հայաստանը քննականորեն հանդես են բերում որպես ազատագրական պայքարների միջազգային բարդ հյուսվածքներում ներգրավված, իրենց ապագան գեներացնող գործուն սուբյեկտներ:

Նպատակ

Ինստիտուտի նպատակն է Հայաստանում խթանել հումանիտար գիտությունների զարգացումը ու քննական ներդրում ունենալ այդ ոլորտի ընթացիկ միջազգային քննարկումներում: Ինստիտուտը աշխատում է Հայաստանի և Սփյուռքի միջև գիտական կապերի զարգացման ուղղությամբ՝ հատկապես հրատարակչական, թարգմանչական ու հետազոտական համագործակցության շրջանակներում։ Ինստիտուտը՝ հրատարակությունների, թարգմանությունների, հանրային նախաձեռնությունների, գրադարանի և արխիվի միջոցով քաջալերում է պատմագիտակից և տեսաբանական հիմնավորվածություն ունեցող հետազոտություններ, որոնք կնպաստեն հումանիտար գիտություններում նոր մոտեցումների մշակմանը: Ինստիտուտը նպատակ ունի հայաստանյան հետազոտողներին տրամադրել գիտական ռեսուրսներ, ինչպես նաև սեփական հետազոտությունները՝ հրատարակություններով, գիտաժողովներում և այլ հանրային միջոցառումներում շրջանառելու հնարավորություններ: