հայ | eng

Ո՞վ է Աշոտ Հովհաննիսյանը

Աշոտ Հովհաննիսյանը պատմաբան է, հասարակական-քաղաքական գործիչ: Նրա պատմագիտությունը հետևողականորեն և դինամիկ կերպով միահյուսել է նյութի հանդեպ հոգատարությունը, գիտական անաչառությունը, տեսաբանական խորությունն ու քաղաքական դիրքորոշումը: Հովհաննիսյանի աշխատությունները հայերին ու Հայաստանը քննականորեն հանդես են բերում որպես ազատագրական պայքարների միջազգային բարդ հյուսվածքներում ներգրավված, իրենց ապագան գեներացնող գործուն սուբյեկտներ: Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է Շուշի քաղաքում, 1887թ., սկզբնական կրթությունը ստացել է քաղաքի թեմական դպրոցում: Այնուհետև, 1897թ., տեղափոխվել է տեղի Ռեալական ուսումնարան։ 1903-1904թթ․ անդամակցել է ՀՅԴ ներգործության տակ գտնվող Կովկասյան հայ աշակերտական միությանը: 1904-1906թթ․, ըստ ամենայնի, ավագ եղբոր՝ Հակոբ Հովհաննիսյանի ազդեցության ներքո, անդամակցել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությանը («սպեցիֆիկներ»), կրել ՍԴԲՀԿ հիմնադիրներից՝ Ալեքսանդր Ծատուրյանի՝ Ռուբենու գաղափարական ազդեցությունը: Ռեալական ուսումնարանում իր աշակերտական ընկերների հետ 1905թ. Ռուսական հեղափոխության համատեքստում նա կազմակերպել է աղմուկ հանած մի դասադուլ։ 1906-1913թթ. Հովհաննիսյանը պատմություն, տնտեսագիտություն և փիլիսոփայություն է ուսանել Գերմանիայի համալսարաններում, ի թիվս այլոց, աշակերտել Կարլ Թեոդոր Հայգելին, Յոհան Գուստավ Ֆերդինանդ Դրոյզենին, Հերման Էբբինգհաուզին, Լույո Բրենտանոյին, ունկնդրել Վիլհելմ Վունդտին, Էռնստ Հեկկելին և Ռուդոլֆ Քրիստոֆ Օյքենին: 1906թ. Յենայում Հովհաննիսյանը անդամակցել է Ռուսական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության կազմակերպություններին, երբ «մեծամասնական» և «փոքրամասնական» թևերը պաշտոնապես միացել էին՝ մասնավորապես հարելով «մեծամասնական» ուսանողական խմբակին: Գերմանիայում ուսանելու տարիներին նա ներգրավվել է գերմանական քաղաքական կյանքի մեջ՝ սոցիալ-դեմոկրատական շարժման համատեքստում։ 1914-17թթ. լատիներեն, գերմաներեն, քաղաքատնտեսություն և պատմություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնտեղ կազմակերպել մարքսիստական ընդհատակյա խմբակ: Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանի հիմնադիր գործիչներից է, առաջին Լուսավորության ժողովրդական կոմիսարը (1921-1922թթ․), Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ընտրված առաջին քարտուղարը (1922-1927թթ․): Նա գործուն դեր է ունեցել Երևանի պետական համալսարանի հիմնադրման, հայերենը պետական լեզու դարձնելու և Հայաստանում ետ-բարձրագույն կրթություն հիմնադրելու գործում: Վերապրելով ստալինյան աքսորը (1937-1954թթ․), մինչև կյանքի վերջը Հովհաննիսյանը զբաղվել է գործուն գիտական աշխատանքով, որը, թեև, հանդիպում էր տարատեսակ խոչնդոտների, ընդհուպ մինչև այն, որ իր վերջին՝ Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության գրքի տպագրությունը վիժեցվում է: Հովհաննիսյանը մահացել է 1972թ. Երևանում, 85 տարեկան հասակում: Իր կյանքի ընկեր, քանդակագործ Այծեմիկ Ուրարտուի (1899-1974թթ․) հետ նա թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում: Աշոտ Հովհաննիսյանին նախևառաջ կարելի է բնութագրել որպես գործնական մտածող, իսկ նրա դավանած գիտությունը՝ գործուն պատմագիտություն: Հովհաննիսյանի պարագայում ինչպես քաղաքականությունը, այնպես էլ գիտությունը նախևառաջ գործունեություններ են: Այս առումով նա պատկանում է քսաներորդ դարասկզբի մարքսիստ այնպիսի տեսաբան-գործիչների թվին, ինչպիսիք էին, օրինակ, Անտոնիո Գրամշին, Գեորգ Լուկաչը: Միջազգային առումով, Հովհաննիսյանը մարքսիստական պատմագիտության այն առանձնակի ներկայացուցիչներից է, ով դեռևս 1910-ական թվականների սկզբին, կոպիտ տնտեսական կապեր անցկացնելու կամ քաղաքական հռետորություններ գործադրելու փոխարեն, մարքսիստական պատմագիտությունը կողմնորոշել է դեպի աղբյուրների բծախնդիր ուսումնասիրություն և, ինչը թերևս ամենակարևորն է, պատմական իրականության մեջ գաղափարների, ինչպես նաև տենչանքների գործուն դերակատարության հետազոտություն: Բաղձանքների ու գաղափարների գործնական ուժը մարմնավորված է նրա հետաքրքրության թերևս գլխավոր առարկայի՝ ազատագրական մտքի պատմության մեջ: Հովհաննիսյանը հայոց պատմության ուսումնասիրությունը փաստերից բերել է փաստերը փաստ դարձնող իրադարձությունների ուսումնասիրության մակարդակ․ արտադրատնտեսական և ուժային հարաբերություններ, դասակարգային հակամարտեր, տենչանքներ և տեսլականներ: Հայոց պատմությունը Հովհաննիսյանի պարագայում ներկայանում է իր «սուր կողմերով», երբ ինքը հեղինակը դիրքավորում և ընկալում է իրեն որպես հակասություններով ակոսված այդ պատմության ընթացքի գործուն ենթակա: Աշոտ Հովհաննիսյանը պատմությունն ըմբռնում է որպես եղածի անխուսափելի գոյության ընթացք, երբ կոնկրետ հասարակական հարաբերություններով պայմանավորված գործորդները իրականացնում են «երևակայության թռիչքներ», որպեսզի հաղթահարեն, անդրանցնեն առաջընթաց ժամանակի անդառնալիությամբ պայմանավորված իրենց ներկան: Այս իմաստով, Հովհաննիսյանը հայոց «քաղաքական երևակայության» բացահայտողն ու դրա պատմական ուսումնասիրողն է՝ մի դիտանկյունից, որտեղ բաղձալի ազատության բարձրակետը ըմբռնվում է իբրև հակասությունների արգասավոր հարաբերությունների վրա հիմնված համընդհանուր արդարության հնարավորություն: Արդեն 1920-ականների կեսից Հովհաննիսյանը բացահայտ մեղադրվել է ազգայնականության մեջ, 1937թ․ նույն մեղադրանքով դատապարտվել, աքսորվել: Նա վերապրել է աքսորն ու դեռևս աքսորյալի կարգավիճակում, Ստալինի կյանքի օրոք, իր գիտական գործունեությամբ շարունակել է հնարավորինս հաստատակամ մնալ իր պատմական մոտեցման և ազգային-կոմունիստական հայացքների հարցում: Նրա այս գործունեությունը հանդես էր գալիս որպես կոմունիստական հռետորությամբ ռուսական մեծապետական գերիշխանությունը վերևից քաղաքականապես վավերացնող ստալինյան համակարգի դեմ ներքին տեղական դիմադրություն: Տեղական կարիքներին անսալով՝ ապագային միտված միջազգային հեղափոխական գործունեության Հովհաննիսյանի ըմբռնած նախագիծն այն ժամանակ արդեն պատկանում էր անցյալին, բայց, հանձին իրեն, մարմնավորված շարունակություն էր գտնում ներկայում: Արդյունքում, ի դեմս Հովհաննիսյանի ու իր գործունեության, ներկայում ապագա կառուցել հավակնող նախագիծը ստացել էր հիշողական չափում և պատմական մարմին: Բայց այս մարմինն արդեն իսկ ակոսված էր բարդ ու վտանգաշատ հակասություններով նշագրված կյանքով և կրում ու ներկայացնում էր այդ հակասությունների ողջ ուժը՝ որպես դրանցով կայացող գոյություն: Հովհաննիսյանը ներհակությունների միջով ընթացող հեղինակ է․ այստեղ է բացահայտվում նրա՝ նախևառաջ գործիչ լինելու հանգամանքը: Եվ նա գործիչ էր, ով իրեն մշտապես ըմբռնել է իբրև իր ժողովրդի պատմության ենթակա, մեկը, ով որպես այդպիսին ուսումնասիրում է ու հայտաբերում փոքր ու կեղեքված իր ժողովրդի իրականության ու բաղձանքների միջև բարդ հակասությունները՝ որպես այդ պատմությունը կայացնող կենարար ու միաժամանակ կործանարար ուժ: Այդ կերպ Հովհաննիսյանը ուղիներ է բացել ներկայի հետ հարաբերվելու բարդությունների պատմական պարզման առջև՝ դառնալով մեր ժամանակակիցը: