հայ | eng

Հանրային ոլորտի և հասարակայնության միջև

Խմբագիր՝ Վարդան Ազատյան Երևան, Ուտոպիանա, Հովհաննիսյան ինստիտուտ, 2014 ISBN 978-9939-1-0128-6 Հանրային ոլորտի և հասարակայնության միջև հոդվածների ժողովածուն Հովհաննիսյան ինստիտուտի և Ուտոպիանա մշակութային-ստեղծագործական կազմակերպության համատեղ ջանքերի արդյունք է՝ իրականացված Spaces ծրագրի շրջանակում: Ժողովածուն կազմել է Վարդան Ազատյանը, համալրել՝ ընդարձակ ներածությամբ: Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ քննարկելով հանրայինի տարբեր դրսևորումներն ու հանրայինն ինքը, տրամադրում են հանրայինը մտածելու ուղիներ: Ժողովածուն կարելի է դիտարկել որպես 2007 թվականին Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի (ICA - Armenia) հրատարակած Հանրային ոլորտ. վիճարկման և վերըմբռնման միջև համանման ժողովածուի (խմբ․ Վ․ Ազատյան) շարունակությունը: Ի տարբերություն նախորդի, Հանրային ոլորտի և հասարակայնության միջև ժողովածուն հանդես է գալիս 2008 թվականի նախագահական ընտրությունների բեկումնային ու հակասական հետևանքների, ինչպես նաև քաղաքացիական տարբեր շարժումների ծաղկումով առաջացած բուռն ու հակասական հանրային կյանքի հետնախորքին: Սա հատկապես ակնառու է ժողովածուի առաջին՝ «Միջամտություններ» մասի դեպքում, որի գրեթե բոլոր տեքստերը պատկանում են նախորդ ժողովածուի հեղինակներին և արտացոլում այն մտահոգությունները, որոնք նրանք ունեցել են վերջին վեց տարվա ընթացքում: Գրքի երկրորդ՝ «Վերհիշումներ» մասը, որն այլ բան չէ, քան տեղական պատմության մեջ հանրային ոլորտն արծարծող մի քանի կարևոր փոխկապակցված տեքստեր, մի կողմից, շարունակում են «Միջամտություններում» տեղ գտած խնդիրներն ու թեմաները, մյուս կողմից, համալրում դրանք: Գրքի ողջ երկրորդ մասը կազմված է 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի հայկական լուսավորականության պատմության դրվագներից, մի պատմություն, որտեղ էլ հենց իր արժեքն ու իմաստն է ստացել հանրային ոլորտի՝ որպես հասարակայնության գաղափարը: Ժողովածուի երրորդ՝ «Ներդրում» մասը հանրային ոլորտի մասին մշակույթի անգլիացի տեսաբան, նախորդ հատորի հեղինակներից՝ Մալքոլմ Մայլսի «Հանրային ոլորտներ» հոդվածի հայերեն թարգմանությունն է: Ժողովածուի հեղինակներ. Վարդան Ազատյան, Հրաչ Բայադյան, Ալեքսանդր Թամանյան, Նազարեթ Կարոյան, Անժելա Հարությունյան, Աշոտ Հովհաննիսյան, Նարե Հովհաննիսյան, Միքայել Մազմանյան, Մալքոլմ Մայլս, Միքայել Նալբանդյան, Ֆլորա Վարդանյան, Սրբուհի Տյուսաբ: Գիրքը հասանելի է Երևանի գրադարաններում և գրախանութներում: